Saturday 19 February 2011

Kaghakakan Simbioz hodvaz By Harutyun Arakelyan‏

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԻՄԲԻՈԶԸ ԻՐ ՀՈՒՇԱԳՐՈՎ ԽԱԽՏԵՑ ՀՀ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ



Հետեւելով ներիշխանական զարգացումներին կարելի է փաստել, որ վարչակազմը հերթական անգամ օրինախախտում իրականացրեց` ստորագրելով եռակողմ հուշագիր 2013 թվականի ՀՀ Նախագահական ընտրությունների վերաբերյալ: Այս անգամ խախտվեց ՀՀ Կուսակցությունների մասին օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ ենթակետը, որտեղ գրված է, որ կուսակցությունները Հանրապետության Նախագահի թեկնածուին հաստատում են իրենց համագումարներում`պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ընտրություններից առնվազը մեկ ամիս առաջ ժամկետում: Փաստորեն արհամարվեց եւ սեփական կանոնադրությունը եւ շարքային կուսակցականների իրավունքը:

Այս ընդհանուր ֆոնին զավեշտալի է ունկնդրել նույն վարչակազմին սպասարկող մամուլի հորթային հրճվանքը, թե տեսեք գործող նախագահը ինչ շուստրիություն արեց ու իրեն ենթարկեցրեց Գագիկ Ծառուկյանին իր ԲՀԿ-ով հանդերձ: Անկեղծ ասած լսելով ԲՀԿ-ի ղեկավարի մեկնաբանությունը այլ տպավորություն ստացա: Նա պարզ ասեց, որ նախագահի թեկնածուին անդրադառնալու ենք 2012-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո, իսկ հիմա ուժեղացնում ենք գործող նախագահին հայտարարություն ստորագրելով, որպեսզի արտաքին հարաբերություններում ավելի հզոր զգա իրեն: Փաստորեն լրիվ հակառակ պատկերն է` եթե գործող նախագահը այդքան ամուր էր իր դիրքերում ինչու էր այս երկարաշունչ օրինախախտ գործընթացը: Իսկ եթե նախագահն այդչափ թույլ էր, որ կարիք կար նրա դիրքերն ամրապնդելու, ապա բնական հարց է առաջանում, ինչու էր թույլ եւ երբ թուլացավ, երբ 2007թ-ին նրա ղեկավարած կուսակցությունը իր հավաքած ձայների քանակով դարձավ խորհրդարանական մեծամասնություն, 2008-ին Սերժ Սարգսյանը հաղթեց նախագահական ընտրություններում հենց առաջին փուլում, 2009-ին նրա ղեկավարած կուսակցությունը բացարձակ հաղթանակ տարավ Երեւանի ավագանու ընտրություններում:

Այո, ստորագրած փաստաթուղթը պայմանագիր չէր` այլ “բարի ցանկությունների” բառակույտ, մանավանդ այդտեղ բացակայում էր գալիք ընտրությունների կեղծիքների դեմ համատեղ պայքարին միտված ոևեւէ միտք: Այն դեպքում, երբ ընդամենը օրեր առաջ էր ԲՀԿ առաջնորդը խոսում մրցակցային պայմաններում անցկացվելիք ազատ արդար ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին: Ստացվում է վարչակազմի անհանգստության հիմանական սկզբնաղբյուրը Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի վերջին նախադասությունն էր, որտեղ խոսվում էր ապագա ընտրությունների արդարացի անցկացման հրամայականի մասին, իսկ արդար ընտրությունների պարագայում մենք` ընտրողներս գոնե լավ գիտենք, թե ում կտանք մեր ձայները, որը հաստատ այօրվա վարչակազմինը չի լինի:

Ստացվում է, որ անցած 20 տարիների ընթացքում վարչակազմի կողմից կրկնվում է նույն սխալ քաղաքականությունը մրցակից կուսակցությունների հանդեպ, այն է` չեզոքացնել, ստորացնել, պառակտել, սեւ քարոզչություն իրականացնել եւ հնարավորության դեպքում ամբողջությամբ վերացնել մրցակից քաղաքական կազմակերպությանը, փոխանակ առողջ մրցակցություն ծավալել հանդուրժողականության շրջանակներում, որն էլ հանդիսանում է քաղաքական համակարգի զարգացման միակ ուղին: Բոլորին է անհրաժեշտ, որպեզի մրցակից կազմակերպությունը լինի կայացած ու ուժեղ: Սա միայն քաղաքականության մեջ չէ, այլ բնության հիմնակ��ն օրենքներից է: Նույն էր կացությունը ՀՀՇ-ի վարչակազմի տարիներին: Նույնը կրկնվեց, երբ Վազգեն Սարգսյանը գլխավորեց Հանրապետական կուսակցությունը: Կարեն Դեմիրճյանի քաղաքական ասպարեզ վերադառնալով հանրապետականները ստիպված եղան “ընկերանալ” նրանց հետ, քանի որ մրցակցության պարագայում տանուլ էին տալու “խաղը”:

Հեռու լինելով խոհափիլիսոփայական վերլուծություններ անելու մտադրությունից, ցանկանում էի աղմուկ հանած վերջին զարգացումների մեջ գտնել ժողովրդի շահը ու դերակատարությունը, որը այդպես էլ չգտա: Ստացվում է քաղաքական սիմբիոզ հադիսացող կոալիցիայի կողմից շրջանառության դրած հուշագիրը մարտահրավեր է հանրությանը, որի տեքստի մեջ բացահայտ ասվում է, որ բացառվում է որեւէ առաջընթաց մեր երկրում, քանի որ վերջիններս շարունակելու են իրենց ազգավեր գործունեությունը եւ դրան մասնակից են դարձնելու ԲՀԿ-ին:

Բոլորիս համար էլ պարզ է, որ քաղաքականության մեջ այն ինչ արհեստական է, չկա գաղափար եւ նվիրվածություն` երկար կյանք ունենալ չի կարող:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի`

Հարություն Առաքելյան

No comments: