Friday 7 September 2012

Haytararutyun


ԵՀՄՖ. «Հասունացել է ժամանակը բարոյական հաղթանակներից անցում կատարելու դեպի իրավական հաղթանակներ»
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահությունը հայտնել էր, որ Ռ. Սաֆարովի Ադրբեջան էքստրադիցիայից հետո մշակում է հայեցակարգ եւ ծրագիր` Թուրքիայի, Ադրբեջանի եւ Արցախի հետ կապված խնդիրների լուծման համար: ԵՀՄՖ-ը անցած տարիների ընթացքում բազմիցս բարձրաձայնել է Հայ Ազգի հանդեպ իրականացրած թուրքական եւ ադրբեջանական ցեղասպանությունների իրավական գնահատականների հանդեպ ՀՀ պետական հստակ ծրագրի բացակայության մասին: Վերջին զարգացումներն էլ փաստեցին, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները խիստ անհրաժեշտ են տարածաշրջանում վերջնական խաղաղության հասնելու համար:
Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ պետության կողմից անհրաժեշտ եւ անհապաղ իրականացվելիք քաղաքական-իրավական գործունեության ծրագրի հայեցակարգը: ԵՀՄՖ-ի նախագահությունը հիմք ընդունելով` -տարածաշրջանային վերջնական խաղաղության հասնելու խիստ անհրաժեշտությունը եւ այն դիտարկելով ազգային անվտանգության հիմնական գրավական,
-Միացյալ Ազգերի կազմակերպության 1948 թվականին ընդունած «Ցեղասպանություն հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժելու մասին» կոնվենցիան, -Միացյալ Ազգերի կազմակերպության 1968 թվականին ընդունած «Մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիան եւ դրանցից բխող միջազգային իրավունքին ուղղված դրույթները, գտնում է, որ Հայաստանի Հանրապետության հարեւան պետությունների հետ վիճելի հարցերի լուծումը պետք է զգացմունքային դաշտից տեղափոխել միջազգային իրավունքի հարթություն՝ ՄԱԿ-ի Կանոնադրությամբ գործող Միջազգային դատարաններ, քանի որ տեղի են ունեցել մարդկության հանդեպ հանցագործություններ՝ դրանց 3 հիմնական փուլերով հանդերձ.
-պետական մակարդակով նախապատրաստում, իրագործում եւ հետքերի վերացում, իսկ թուրքական եւ ադրբեջանական կառավարություններն այս քաղաքականությունը շարունակում է մինչ օրս: Միջազգային իրավունքի գործող նորմերը թույլատրում են վեճերի միայն խաղաղ կարգավորման ուղին` լինի դա դատական կարգով, միջնորդավորված կամ անմիջական բանակցությունների միջոցով: ՄԱԿ-ի Կանոնադրության 33-րդ հոդվածում որպես հակամարտության խաղաղ կարգավորման միջոցներ են նշված դատական քննությունը (judicial settlement), հետաքննությունը (enquiry), հաշտությունը (conciliation), վերաքննությունը (arbitration): Մեկ անգամ եւս կոչ ենք անում միջազգային իրավունքի ասպարեզում մասնագիտական կարողությունների տիրապետող մեր հայրենակիցներին` կապ հաստատել Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահության հետ, նպատակ ունենալով Հայ Ազգի հանդեպ իրականացրած թուրքական եւ ադրբեջանական ցեղասպանությունների իրավական գնահատականների՝ Միջազգային Դատարաններ ներկայացվելիք հայցի ձեւակերպումը եւ ՀՀ կառավարության միջոցով դրան ընթացք տալու գործընթացը:
Ինչ վերաբերվում է Հայաստանի՝ որպես ՄԱԿ-ի անդամ պետության այսօրվա անհապաղ իրականացվելիք քայլերին, ապա ԵՀՄՖ-ը պահանջում է մոտ ապագայում ՀՀ Ազգային Ժողովի օրակարգային հարց դարձնել եւ վավերացնել «ՄԱԿ-ի Միջազգային Դատարանի որոշումների իրավական գերակայության մասին» օրենքը: Այս իրավական քայլը անհրաժեշտ է այն պարզ պատճառով, քանի որ Հայաստանն այսօր դեռ իրավունք չունի որեւէ հարցով դիմել Միջազգային Դատարան:
Հասունացել է ժամանակը բարոյական հաղթանակներից անցում կատարելու դեպի իրավական հաղթանակներ, որոնք կլինեն տարածաշրջանի ապահովագրված խաղաղության երաշխիքը: Վերն արծարծված հարցերի շուրջ համագործակցության պատրաստակամության դեպքում դիմել հետեւյալ հասցեով.
faae@faaeurope.eu
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահություն
http://www.a1plus.am/am/politics/2012/09/06/ehmf http://www.panarmenian.net/arm/news/121833/ http://www.7or.am/am/news/view/39999/

No comments: