Thursday, 16 November 2017

Armenian Institute... Assadour Guzelian... 13.11.2017

Dear reader

I have great pleasure announcing 'The Armenian Institute in the Eastern & Western copies, contributed by the above named.

Armenian Institute Picture.jpeg


ԲԱՑԱՌԻԿ ՆՎԱԳԱՀԱՆԴԵՍ  ԼՈՆԴՈՆՈՒՄ 

9 Նոյեմբեր 2017-ին, Լոնդոնի St James Piccadilly 
եկեղեցի-համերգասրահում, Հայ Հիմնարկը (Armenian Institute) իր հիմնադրության 16-ամյակը նշեց մի սքանչելի նվագահանեսով, մասնակցությամբ համբավավոր երեք հայ արվեստագետների, հանձինս ՝ ջութակահար Լեվոն Չիլինկիրյանի, թավջութակահար Ալեքսանդր Չավուշյանի եւ դաշնակահար-կոմպոզիտոր Կարեն Հակոբյանի, որոնք թեեւ միջազգային երաժշտական շրջանակներում ծանոթ են որպես մենակատարներ՝ այս առիթով սակայն հանդիսատեսին ներկայացան որպես եռանվագի (trio անդամներ ։ Սխալ չհասկացվելու համար մատնանշենք, որ Լեվոն Չիլինկիրյանը, թեեւ որպես  մենակատար տվել է անհամար նվագահանդեսներ, 1971-ից սկսած՝ հիմնականում նվագել է իր իսկ հիմնած՝ "Չիլինկիրյան Քառյակ"ի հետ։

Յիուրաքանչյուր արվեստագետի կատարողական ոճն ունի իր  անհատական կնիքը։ Ավելին՝ ամեն արվեստագետ իր կատարած ստեղծագործությունն ընկալում ու մեկնաբանում է  ըստ իր հասկացողության եւ զգացողության։ Ուրեմն, միշտ չէ որ անհատապես հաջողության բարձունքներ գրաված արվեստագետը, նույն բարձունքին է հասնում, երբ ելույթ է ունենում որպես նվագախմբի  մեկ անդամը։ Անշուշտ Լ. Չիլինկիրյանի պարագան տարբեր է, քանի որ նա Չիլինկիրյան Քառյակի հետ երկար տարիներ նվագելով՝կուտակել է հարուստ փորձ, նվագխմբի մյուս անդամների հետ մերվելու իմաստով։ Անտարակույս, այդ հանգամանքը նվագահանդեսի բացառիկ հաջողության մեջ եւս ունեցավ իր դրական դերը։
     
Արդ, կարող ենք անվարան հաստատել, որ նվագահանդեսի ամբողջ տեվողության, եռանվագի երեք անդամները ցուցաբերեցին բացառիկ իրարհասկացողություն, ինչպես նաեւ՝  երաժշտության հետ մերվելու, խնդրո առարկա ստեղծագործությունը հաջող կատարելու բոլոր տվեալներն ու պահանջները ներդաշնակորեն իրար աղյուսելու հազվագյուտ ունակություն։Նրանց հաջողվեց, առանց իրենց կատարողական ինքնուրույության դավաճանելու, ստեղծել եռանվագից պահանջված ներդաշնակ միասնականությունը, ձայների երբեմն կրքոտ, երբեմն էլ՝  մեղմանուշ գրկընդխառնումից ծնած  առինքնող մթնոլորտը։

Հայտագիրը բաղկացած էր Joseph Haydn-ի, Առնո Բաբաջանյանի եւ Bethoven-ի դաշնամուրի համար գրված տրիոներից. երեքն էլ հրաշալի ստեղագործություններ՝որոնք  
եռանվագը կատարեց ճշգրիտ մեկնաբանությամբ, հավասրակշռված հուզականությամբ, անկեղծությամբ, ապրումով եւ ՄԵԾ արվեստագետներին միայն հատուկ՝ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՄԲ։

Հանդիսատեսը եռանվագի կատարումները 
ողջունեց երկար ծափահարություններով, իսկ Բաբաջանյանի պարագային՝ գնահատանքի փոթորկոտ բացականչություններով։ 

Շնորհավորում ենք Հայ Հիմնարկը իր հմնադրության 
16-րդ տարեդարձին առիթով։ Շնորհավորում ենք նաեւ Լեւոն Չիլինկիրյան, Ալեքսանդր Չավուշյան, Կարեն Հակոբյան եռանվագը, որ երաժշտասեր հանդիսատեսին պարգեվեց անսահման գոհունակություն։ Նվագահանդեսը ճշգրիտ բնութագրելու համար պարտադիր է օգտագործել ՀԻԱՍՔԱՆՉ ածականը։ 
———————————————————————————

Ի դեպ ենք համարում այս առիթով կարճ տեղեկություն տալ նաեւ Հայ Հիմնարկի եւ եռանվագի անդամների մասին։

ՀԱՅ ՀԻՄՆԱՐԿ (Armenian Institute)

Հայ  Հիմնարկը կյանքի է կոչվել Լոնդոնում, 2001թ.ին, հայ մշակութային արժեքներն ուսումնասիրելու եւ տարածելու նպատակով։ Այդ առաջադրության իրագործման շրջանակներում, Հայ Հիմնարկը տարին շուրջ երեսուն ձեռնարկ է կազմակերպում, ներառյալ դասախոսություններ, ցուցահանդեսներ, համերգներ, գեղարվեստական հավաքույթներ եւայլն։

Հիմնարկը ունի բավական մեծ եւ որակավոր գրադարան, բաղկացած՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, օսմաներեն եւ վրացերեն 8000 հատորներից, որոնք նվիրված են հայ եւ Հայաստանի հարեվան երկիրների պատմության եւ մշակույթին։

Հայ Հիմնարկի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար դիմել՝
www.armenianinstitute.org.uk  

ԼԵվՈՆ ՉԻԼԻՆԿԻՅԱՆ

Լ. Չիլինկիրյանը 1969ին շահել է Bethoven-ի անվան BBC-ի՝  իսկ 1971-ին՝ ARD Munich Duo միջազգային երաժշտական մրցույթներում  առաջին մրցանակը։ Նույն տարին հիմնել է Չիլինկիրյան Քառյակը, որը համեմատաբար կարճ ժամանակում  ձեռք է բերել միջազգային համբավ։ Լեվոն Չիլինկիրյանն իր կատարողական գործունեության զուգահեռ՝ որպես ջութակի եւ սենեկային երաժշտության փրոֆ., դասախոսում է Royal Academy of Music եւ Guildhall School of Music  երաժշտանոցներում։Իր երաժշտական երկարամյա գործունեության եւ այդ բնագավառում ձեռք բերած իրագործումներին առ ի գնահատանք,  Անգլիայի Էլիզաբեթ Թագուհին Լեվոն Չիլինկիրյանին շնորհել է OBE տիտղոսը (Order of the British Empire

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՉԱՎՈՒՇՅԱՆ

Թավջութակահար Ալեքսանդր Չավուշյանը, որպես մենակատար, բազմաթիվ նվագահանդեսներ է տվել եւ  զանազան նվագախմբերի հետ ելույթներ ունեցել՝ աշխարհի տարբեր երկրներում։Նա մասնակցել է նաեւ,  ի սփյուռս աշխարհի, երաժշտական ֆեստիվալների։ Չավուշյանը  միջազգային շատ մրցույթների շքանշանակիր է. հիշենք Չայկովսկու անվան 12-րդ եւ ARD-ի  միջազգային մրցանակները։ Անվանի թավջութակահարը վերջերս Հայաստանի Ֆիլհարմոնիկ Նվագախմբի հետ հրապարակեց  է մի CD , որը արժանացավ  քննադատների բարձր գնահատանքին եւ անգլիական հեղինակավոր "The Independent" թերթի կողմից ընտրվեց՝ "Album of the WEEK" (Շաբաթվա Ալբոմը)։


ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

New York Concert Review-ն  "բազմաթիվ տաղանդներով եւ լիառատ գաղափարներով օժտված երաժիշտ" բառերով բնութագրել է ամերիկահայ դաշնակահար եւ կոմպոզիտոր Կարեն Հակոբյանին , որը միջազգային ճանաչման արժանացել է, երբ՝ դեռ 17 տարեկան պատանի՝ իր ավագ 
նվագահանդեսն է տվել  Carnegie  Hall-ում։ Այնուհետեւ նա ելույթներ է ունեցել Հայաստանում, Արգենթինայում, Մեքսիկայում,Գերմանիայում, Ֆրանսայում, Ճաբոնում եւ Միացյալ Նահանգներում։ Մի շարք միջազգային  մրցույթների դափնեկիր ՝ Հակոբյանը տարբեր նվագախմբերի հետ ելույթներ է ունեցել շատ երկիրներում։ Նրա կատարումները ձայնասփռվել են աշխարհի տարբեր ձայնասփյուռի կայաններից։ Կ. Հակոբյանը  հիմնադիրն է եւ գեղարվեստական տնորենը՝  New York-ի Pegasus նվագախմբի։

Ասատուր Գյուզելյան
Լոնդոն, Նոյեմբեր, 2017



Here is the Western Copy:

Armenian Institute Picture.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՆՈՒԱԳԱՀԱՆԴԷՍ ՄԸ ԼՈՆՏՈՆԻ ՄԷՋ 

9 Նոյեմբեր 2017-ին, Լոնտոնի St James Piccadilly 
եկեղեցի-համերգասրահին մէջ, Հայ Հիմնարկը (Armenian Institute) իր հիմնադրութեան 16-ամեակը նշեց սքանչելի նուագահանէսով մը, մասնակցութեամբ համբաւաւոր երեք հայ արուեստագէտներու, յանձինս ՝ ջութակահար Լեւոն Չիլինկիրեանի, թաւջութակահար Ալեքսանդր Չավուշեանի եւ դաշնակահար-կոմպոզիտոր Կարէն Յակոբեանի, որոնք թէեւ միջազգային երաժշտական շրջանակներու մէջ ծանօթ են որպէս մենակատարներ՝ այս առիթով սակայն, հանդիսատեսին ներկայացան որպէս եռանուագի (trio անդամներ ։ Սխալ չհասկցուելու համար մատնանշենք, որ Լեւոն Չիլինկիրեան, թէեւ որպէս մենակատար ունեցած է անհամար ելոյթներ, 
1971-էն ի սկսեալ գլխաւորաբար նուագած է՝  իր իսկ հիմնած "Չիլինկիրեան Քառեակ"ին հետ։

Իւրաքանչիւր արուեստագէտի կատարողական ոճն ունի իր  անհատական կնիքը։ Աւելին՝ ամէն արուեստագէտ իր նուագած ստեղծագործութիւնը կ'ընկալէ ու կը մեկնաբանէ ըստ իր հասկացողութեան եւ զգացողութեան։ Ուրեմն, միշտ չէ որ անհատապէս յաջողութեան բարձունքներ գրաւած արուեստագէտը, նոյն բարձունքին կը հասնի, երբ ելոյթ կ'ունենայ որպէս նուագախումբի մը մէկ անդամը։ Անշուշտ Լ. Չիլինկիրեանի պարագան տարբերբ է, քանի որ ան իր քառեակին հետ երկար տարիներ նուագելով՝կուտակած է հարուստ փորձառութիւն։ Անտարակոյս, այդ հանգամանքը այս նուագահանդէսին բացառիկ յաջողութեան մէջ եւս ունեցաւ իր դրական դեր։
     
Արդ, կրնանք անվարան հաստատել, որ նուագահանդէսի ամբողջ տեւողութեան, եռանուագի երեք անդամները ցուցաբերեցին բացառիկ իրարհասկացողութիւն, ինչպես նաեւ՝  երաժշտութեան հետ մերուելու, խնդրոյ առարկայ ստեղծագործութիւնը յաջող կատարելու բոլոր տուեալներն ու պահանջքները ներդաշնակօրէն իրար աղիւսելու հազուագիւտ ունակութիւն։Անոնք կրցան, առանց իրենց կատարողական ինքնուրույնութեան դաւաճանելու, ստեղծել եռանուագէ մը պահանջուած ներդաշնակ միասնականութիւնը, ձայներու՝ երբեմն կրքոտ, երբեմն ալ մեղմանուշ գիրկընդխառնումէն ծնած երաժշտական առինքնող մթնոլորտը։

Յայտագիրը կը բաղկանար Joseph Haydn-ի, Առնոյ Բաբաջանեանի եւ Bethoven-ի դաշնամուրի համար գրուած Թրիոներէն, երեքն ալ հրաշալի ստեղագործութիւններ՝ զորս 
եռանուագը կատարեց ճշգրիտ մեկնաբանութեամբ, հաւասրակշռուած յուզականութեամբ, անկեղծութեամբ, ապրումով եւ ՄԵԾ արուեստագէտներուն միայն յատուկ՝ ՎԱՐՊԵՏՈՒԹԵԱՄԲ։

Հանդիսատեսը եռանուագի կատարումները 
ողջունեց երկար ծափահարութիւններով, իսկ Բաբաջանեանի պարագային՝ գնահատանքի փոթորկոտ բացականչութիւններով։ 

Այսու, կը շնորհաւորենք Հայ Հիմնարկը, իր հմնադրութեան 
16-րդ տարեդարձին առիթով։ Կը շնորհաւորենք նաեւ Լեւոն Չիլինկիրեան, Ալեքսանդր Չավուշեան եւ Կարէն Յակոբեան եռանուագը, որ այս առիթով իր տուած նուագահանդէսով, երաժշտասէր հանդիսատեսին պարգեւեց անսահման գոհունակութիւն. նուագահանդէսը ճիշտ բնութագրելու համար պարտադիր է  օգտագործել ՀԻԱՍՔԱՆՉ ածականը։ 
———————————————————————————

Ի դէպ է, այս առիթով հակիրճ տեղեկութիւն տալ նաեւ Հայ Հիմնարկի եւ եռանուագի անդամներուն մասին։

ՀԱՅ ՀԻՄՆԱՐԿ (Armenian Institute)

Հայ  Հիմնարկը կեանքի կոչուած է Լոնտոնի մէջ 2001-ին՝ հայ մշակութային արժէքներն ուսումնասիրելու եւ տարածելու նպատակով։ Այդ առաջադրութեան իրագործման համար,
Հայ Հիմնարկը տարին շուրջ երեսուն ձեռնարկ կը կազմակերպէ, ներառեալ դասախօսութիւններ, ցուցահանդէսներ, համերգներ, գեղարուեստական հաւաքոյթներ եւայլն։

Հայ Հիմնարկը ունի բաւական մեծ եւ որակաւոր գրադարան, բաղկացած՝ հայերէն, անգլերէն, ֆրանսերէն, գերմաներէն, ռուսերէն, օսմաներէն եւ վրացերէն 8000 հատորներէ, որոնք նուիրուած են հայոց եւ Հայաստանի դրացի երկիրներու պատմութեան եւ մշակոյթին։

Հայ Հիմնարկի մասին յաւելեալ տեղեկութիւն ստանալու համար դիմել՝
www.armenianinstitute.org.uk  

ԼԵՒՈՆ ՉԻԼԻՆԿԻԵԱՆ

Լ. Չիլինկիրեան 1969ին շահած է Bethoven-ի անուան BBC-ի՝  իսկ 1971-ին՝ ARD Munich Duo միջազգային երաժշտական մրցոյթներու առաջնութիւնը։ Նոյն տարին հիմնած է Չիլինկիրեան Քառեակը, որ համեմատաբար կարճ ժամանակուան մը ընթացքին ձեռք բերած է միջազգային համբաւ։ Լեւոն Չիլինկիրեան իր կատարողական գործունէութեան զուգահեռ՝ որպէս ջութակի եւ սենեկային երաժշտութեան փրոֆ., կը դասախօսէ Royal Academy of Music եւ Guildhall School of Music  երաժշտանոցներուն մէջ։Իր երաժշտական երկարամեայ գործունէութեան եւ այդ բնագաւառին մէջ ձեռք բերած յաջողութիւններուն համար, Անգլիոյ Թագուհին Լեւոն Չիլինկիրեանին շնորհած է OBE (Order of the British Empire) տիտղոսը ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՉԱՎՈՒՇԵԱՆ

Թաւջութակահար Ալեքսանդր Չավուշեան, որպէս մենակատար բազմաթիւ նուագահանդէսներ տուած է, ինչպէս նաեւ՝ զանազան նուագախումբերու հետ ելոյթներ ունեցած՝  աշխարհի տարբեր երկիրներուն մէջ։ Ան մասնակցած է նաեւ, ի սփիւռս աշխարհի, միջազգային երաժշտական ֆեստիվալներու։ Չավուշեան շատ մը միջազգային մրցոյթներու շքանշանակիր է. յիշենք Չայքովսկիի անուան 
12-րդ եւ ARD-ի միջազգային մրցանակները։ Անուանի թաւջութակահարը վերջերս Հայաստանի Ֆիլհարմոնիկ Նուագախումբի հետ հրապարակած է CD մը, որ արժանացած է քննադատներու բարձր գնահատանքին եւ անգլիական հեղինակաւոր "The Independent" թերթի կողմէ ընտրուած՝ "Album of the WEEK" (Շաբաթուան Ալպոմը)։


ԿԱՐԷՆ ՅԱԿՈԲԵԱՆ

New York Concert Review-ն  "բազմաթիւ տաղանդներով եւ լիառատ գաղափարներով օժտուած երաժիշտ" բառերով բնութագրած է ամերիկահայ դաշնակահար եւ կոմպոզիտոր Կարէն Յակոբեանը , որ միջազգային ճանաչման արժանացած է, երբ՝ դեռ տասնեօթ տարեկան պատանի՝ իր աւագ 
նուագահանդէսը տուած է  Carnegie  Hall մէջ։ Այնուհետեւ ան նուագահանդէսներով հանդէս եկած է Հայաստանի, Արժանթինի, Մեքսիկոյի,Գերմանիոյ, Ֆրանսայի, Ճաբոնի եւ Միացեալ Նահանգներու մէջ։  Բազմաթիւ միջազգային  մրցոյթներու դափնեկիր ՝ Յակոբեան տարբեր նուագախումբերու հետ ելոյթներ ունեցած է շատ մը երկիրներու մէջ։ Անոր կատարումները ձայնասփռուած են աշխարհի տարբեր ձայնասփիւռի կայաններէն։ Հայ դաշնակահարը հիմնադիրն ու  գեղարուեստական տնօրէնն է Նիւ Եորքի Pegasus նուագախումբին։

Ասատուր Կիւզելեան
Լոնտոն, Նոյեմբեր, 2017






  

No comments: