Haghordagrutyun # 226
Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԹԻՎ 226
04.10.2010 թ.
ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՓՈԽԱՏԵՆԱՊԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ
ՀՌԱԿ Հանրապետական Վարչությունը սիրով ու հպարտությամբ տեղեկացնում է, որ Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի սեպտեմբերի 2-ին կայացած Նախագահության նիստին միաձայնությամբ որոշվել է Ռամկավար Ազատական կուսակցության գործադիր փոխատենապետ, ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանին շնորհել ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԻՍԿԱԿԱՆ ԱՆԴԱՄԻ ԿՈՉՈՒՄ:
Այս առթիվ ընկեր Առաքելյանը բազում շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ է շարունակում ստանալ տարբեր երկրներից, կուսակցության կառույցներից եւ հարազատ շրջանակներից:
Նախագահության անդամներն իրենց ելույթներում հիմնավորում էին գիտական պատվավոր կառույցին ընկեր Առաքելյանի անդամակցությունը եւ պատրաստակամություն էին հայտնում հետագա համագործակցությանն աջակցելու գործում:
Ծանուցման կարգով տեղեկացնում ենք, որ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ պատվավոր անդամներ են` առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան, կոմպոզիտոր Ռադիոն Շչեդրինը, պարուհի Մայա Պլիսեցկայան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ տիգրան սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ բազմաթիվ ճանաչված գիտնականներ, մշակույթի ու քաղաքական գործիչներ, բարձրաստիճան զինվորականներ եւ այլք:
Ստորեւ ներկայացնում ենք Իսպանիայի Թագավորական Ակադեմիայի իսկական անդամ, Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, դոկտոր-պրոֆեսսոր Հայկ Ղազարյանի պաշտպանական ելույթը:
Մեծարգո Նախագահ,
Պատվարժան նախագահության ադամներ
Մեծ սիրով եւ հպարտությամբ ցանկանում եմ ներկայացնել երիտասարդ ու համարձակ քաղաքական եւ գիտական գործիչ Հարություն Առաքելյանի պատվաբեր վաստակը: Նա հարուստ գիտելիքների, աշխատանքային հմտությունների, պրպտուն մտքի եւ գործուն ու գեղեցիկ կենսագրության տեր անձնավորություն է: Նրա կյանքի անցած ուղին եւ կենսագրական տվյալները փաստում են, որ գործ ունենք մի անհատի հետ, ով իր ակտիվ քաղաքական-հասարակական գործունեությունը վերաձեւել է գիտական գործունեության, քաղաքական հայեցակարգերը դիտարկում է քաղաքագիտական տեսությունների տեսանկյունից, որի արդյունքում էլ ծնունդ է տալիս գիտական աշխատություններին համազոր քաղաքական ծրագրերի:
Մեծ է նրա դերը սփյուռքի մեր հայրենակիցների միասնության, հայրենիքի հետ կապված նրանց իղձերի իրականացման գործում: Հարություն Առաքելյանի հայրենանվեր գործունեությունը մենք նկատում ենք մեր երկրի բոլոր իրադարձություններին նրա անհատական եւ իր ղեկավարած կուսակցության տված արագ արձագանքներում, որն իրականացնում է մեծ նվիրումով:
Նա ծնվել է 1962 թ. սեպտեմբերի 15-ին, Երեւանում: 1979 թ. ավարտել է Երեւանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցը:1986 թ. ավարտել է Երեւանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետի մեքենաշինության տեխնոլոգիայի բաժինը: Սովորելու ընթացքում ստանձնել է ֆակուլտետի 2500 անդամ ընդգրկող արհմիության նախագահի պաշտոնը: 1986-1991 թթ. աշխատել է ռազմարդյունաբերության համակարգի "Սիգմա" գործարանում, առաջին կարգի ճարտարագետ է, հեղինակ է մի շարք նորարարությունների:
1995-1997թթ. ծառայել է ՀՀ Ազգային բանակում որպես հրետանային դիվիզիոնի հետախուզության պետ:
1992թ-ին գաղափարագրվել է Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությանը եւ երկար տարիներ զբաղեցրել տարբեր պատասխանատու պաշտոններ:
2003թ հուլիսի 19-ին Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության XII Պատգամավորական ժողովում ընտրվել է ՀՌԱԿ համանախագահ, իսկ 2003թ. նոյեմբերի 9-ին ՀՌԱԿ ատենապետ: 2005, 2007, 2009 թվականներին ՀՌԱԿ Համագումարներում վերընտրվել է ՀՌԱԿ ատենապետ: Մասնակցել է Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցության 23-րդ (Փարիզ), 24-րդ (Աթենք), 25-րդ (Ամման) համագումարներին: Առաքելյանի ու իր ընկերների ջանքերի շնորհիվ 2006-ին Աթենքում իրականացվեց պատմական որոշում` ՀՌԱԿ-ը մաս կազմեց Աշխարհասփյուռ Մայր կուսակցությանը:
Հարություն Առաքելյանը 1999-2003թթ. ստանձնել է "Ազգ" օրաթերթի տնօրինությունը: Պաշտոնավարման ժամանակ ստեղծել է "Ազգ" օրաթերթի Ինտերնետային տարբերակը սկզբում 3 լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, այնուհետեւ Առաքելյանի ջանքերով գտնվել է հովանավոր թուրքերեն լեզվով եւս "Ազգ"-ի ինտերնետային էջը հրատարակելու համար:
Երկու անգամ մասնակցել է թերթերի համաշխարհային ընկերակցության (WAN) կազմակերպած կոնգրեսներին (Շվեյցարիա, Բելգիա):
Գործուղումների ընթացքում եղել է աշխարհի ճանաչված խմբագրատների հյուրը` "Վաշինգտոն Պոստ", "Սան", "Չիկագո Թրիբյուն" (ԱՄՆ), "Էդի Գրուփ" (Շվեյցարիա), "Լը Մոնդ", "Լիբերասիոն", "Էքսպրեսս" (Ֆրանսիա), "Կոմսոմոլսկայա Պրավդա", "Դելովոյ Պետերբուրգ" (ՌԴ), ինչպես նաեւ "Նոր Օր" (Լոս Անջելես), "Նոր Աշխարհ" (Աթենք), "Զարթօնք" (Բեյրութ) ռամկավար մամուլի խմբագրություններում եւ այլ ճանաչված թերթերի խմբագրություններում (Հունաստան, Բելգիա, Հոլանդիա եւ այլն):
ԱՄՆ Զարգացման գործակալության, Ազգային Դեմոկրատիկ Ինստիտուտի եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի հրավերով 2000 թվականին ընդգրկվել է ԱՄՆ նախագահական ընտրություններին Հայաստանից գործուղվող դիտորդական եւ փորձի փոխանակման առաքելության խմբում: Հանդիպումներ է ունեցել Սենատում, Կոնգրեսում, Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների նախընտրական գլխավոր շտաբներում: Պետդեպարտամենտի կազմակերպած կլոր սեղանների շրջանակներում հանդիպում է ունեցել "Կառնեգի" հիմնադրամի ներկայացուցիչների, տխրահռչակ Պոլ Գոբլի, հասարակական եւ քաղաքական շրջանակներ ներկայացնող գործիչների, ինչպես նաեւ Հայկական Համագումարի կենտրոնական գրասենյակի պատասխանատուների հետ:
2003թ-ին ներկայացրել է ՀՌԱԿ-ը (ինչպես նաեւ Հայաստանը) Համաշխարհային հայրենասեր կուսակցությունների առաջին կոնգրեսում, որը կազմակերպել էր Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցությունը: Կոնգրեսի որոշմամբ Հ. Առաքելյանն ընդգրկված է աշխատանքային խմբի մեջ, որն զբաղվում է քաղաքագիտական ուսումնասիրություններով:
Հ. Առաքելյանի եւ իր գաղափարակից ընկերների ջանքերի շնորհիվ Հայաստանի Երրորդ Հանրապետության նորագույն պատմության մեջ առաջին անգամ իրականացվեց քաղաքագիտական քայլ` ՀՌԱԿ-ի դրոշի ներքո համախմբվեցին "Դաշինք", "Ազգային վերածնունդ", Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցությունները:
2009թ. մայիսին Ռամկավար Ազատական կուսակցության Պատգամավորական ժողովում (Հորդանան, Ամման) պարոն Առաքելյանը ընտրվել է Աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցության գործադիր փոխատենապետ:
Հեղինակ է Հայաստանի ջրային պաշարների արդյունավետ օգտագործմանն ուղղված համալիր ծրագրին, որը ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել 1998 թ. եւ ծրագրի առաջին ու երկրորդ փուլերն արդեն իրականացվել է, որոնց արդյունքում միլիարդավոր դրամներ են մուտք գործել ՀՀ պետական բյուջե:
Հաջորդ յուրօրինակ քայլը. նա հեղինակել է Ազգային գաղափարախոսության հավաքագրման, Հայաստանի Չորրորդ Հանրապետության ազգային պետական կառավարման մոդելի ստեղծման նախագիծը եւ այժմս ձեւավորվել է մտավորականների աշխատանքային խումբ:
Հեղինակ է բազմաթիվ հոդվածների եւ գրախոսությունների, բազմաթիվ անգամ հանդես է եկել բանախոսություններով թե' հայրենիքում, թե' սփյուռքում:
2010 թվականին պարոն Առաքելյանը նախաձեռնել է սփյուռք-հայրենիք հեռուստակամուրջ, որի շնորհիվ բազմաթիվ հայաստանաբնակ մտավորականներ ՀՌԱԿ գրասենյակից ուղիղ եթերի միջոցով մասնակցում են Լոս Անջելեսում հեռարձակվող "Լույսաշխարհ" հեռուստահաղորդաշարին: Այս պահի դրությամբ իրականացվել է 50 րոպեանոց 55 հաղորդում: Միաժամանակ ստեղծել է նաեւ վեց երկրներից միաժամանակյա ու ամենօրյա հեռուստակամուրջ` հայ համայնքների ներկայացուցիչների միջեւ :
Հիմք ընդունելով Հարություն Առաքելյանի կյանքի անցած բեղմնավոր ուղին` երաշխավորում եմ, որ նա միանգամայն արժանի անձնավորություն է այս բարձրագույն գիտական հաստատության ներկայացուցիչը դառնալու համար:
ՀՌԱԿ ՀԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
No comments:
Post a Comment